Կրակոցներ Երևանի կենտրոնում․ ատրճանակով զինված քաղաքացին վազել է մի խումբ մարդկանց հետևից
Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Թվով 10 հոգի նշված փողոցում վիճաբանել են, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։
Նույն պահին ՀՀ ոստիկանության աշխատակիցները մոտենում են և նկատում, որ մի խումբ անձինք վազում են, իսկ նրանց հետևից մի քաղաքացի ատրճանակով զինված, կրակոցներ օդ արձակելով, հետապնդում է նրանց։
Պարեկները հրահանգում, որպեսզի նա ցած դնի ատրճանակը և ներկայանա իրավապահներին։ Այդ քաղաքացին տեսնելով, որ չի կարող այլևս ճողոպրել, զենքը ցած է դնում, որից հետո պարեկները նրան և ևս 3 հոգու կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները սահմանազատում են նշված տարածքը, որտեղ էլ հայտնաբերվում են «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, կրակված 1 հատ գնդակ, 4 հատ պարկուճ։ Կենտրոնի ոստիկանները հայտնաբերում են նաև նշված շենքի 4-րդ հարկի եվրոպատուհանի վրա կրակոցի հետք, բնակարանում էլ հայտնաբերվում է կրակված գնդակը։