Ոսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. Փաշինյան
Սահմանազատման գործընթացի ժամանակ ոչ թե նոր սահման կստեղծվի, այլ կվերարտադրվի ԽՍՀՄ տարիներին իրավական նշանակություն ունեցող սահմանը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ստեփանավանում` պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի հատվածի վերաբերյալ։
«Նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել սահմանազատման հետագա գործընթացի վերաբերյալ։ Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ։ Ես ասել եմ նրանց, որ հենց թուղթ ստորագրվի, գալու են, ասեն, թե այն չէ, ինչի մասին հայտարարվել է, ուրիշ բան են արել։ Խնդրել եմ ոսկեպարցիներին, որպեսզի որևէ բանի չհավատան։ Նույնը վերաբերում է նաև Կիրանցին։ Ես մեր գյուղացիներին ասել եմ` եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, բնականաբար մենք նրանց իրավունքներին տեր կկանգնենք, անհրաժեշտության դեպքում նոր տներ կկառուցենք։ Բերքաբերում նման խնդիր բացարձակ չկա»,– նշեց Փաշինյանը։