35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են աջակցել մեր դաշնակիցներին. Օլաֆ Շոլց
Մոտ 35 հազար գերմանացի զինվորականներ պատրաստ են շտապ օգնություն ցուցաբերել դաշնակիցներին արտակարգ իրավիճակի դեպքում։ Այս մասին Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում են ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ Բալթյան երկրներում անվտանգության իրավիճակը շարունակում է լարված մնալ և հիշեցրել է, որ երկու տարի առաջ Գերմանիան ստանձնեց Էստոնիայի, իսկ այս տարի նաև Լատվիայի օդային տարածքը պաշտպանելու խնդիրը։ Գերմանիան նաև բրիգադ կտեղակայի Լիտվայում։
Շոլցի խոսքով՝ Գերմանիային հաջողվել է հետևողականորեն արձագանքել Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկմանը, և իր երկիրը վերահաստատում է իր հավատարմությունը Հյուսիսարևելյան և Կենտրոնական Եվրոպայի պաշտպանությանը։
«Գրեթե 35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են արագորեն աջակցել մեր դաշնակիցներին արտակարգ իրավիճակների դեպքում»,- ասել է կանցլերը։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը: