ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ նիստերին մասնակցելն է. Վարդանյանն ասաց՝ ինչու Տավուշ չի գնում
ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունը ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է։ Այս մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն այցելել Կիրանց՝ բնակիչների հետ հանդիպելու։
«Ինչպես գիտեք՝ նախորդ շաբաթ լիագումար նիստեր էին և պատգամավորի դերը, վերջինիս երդմամբ,ԱԺ-ում լինելն է և քննարկումներին մասնակցելը։ Ճիշտ է, որ բնակիչների հույզերի հետ են խաղում։ Ես Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից, ցանկացած էմոցիոնալ արտահայտություն, որի տակ որևէ փաստ դրված չէ»,-հավելեց նա։
Պատգամավորը շեշտեց, որ աշխատանքներ պետք է տարվեն ոչ միայն Կիրանցի բնակիչների հետ, այլև բոլոր քաղաքացիների հետ և հատկապես այն տարածքների բնակիչների հետ, որտեղ իրենք փորձում են սահմանագծում իրականացնել։