29.800 ք.կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ Ադրբեջանի 86.600-ի մեջ՝ նաև անկլավները․ Փաշինյան
Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներին և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների ճանաչմանը՝ նշեց, որ 29.800 ք/կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ Ադրբեջանի 86.600-ի մեջ՝ նաև անկլավները։
«Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել։ Տեսե՛ք, սահմանագծի հետ կապված հստակ ասում եմ, թե ինչ տարբերակ կա։ Անկլավների թեմաների հետ կապված տարբերակները մի քանիսն են»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի այս ամենը տարընթերցման տեղիք չտա, ապա կարելի է չափել ու հասկանալ՝ Արծվաշենի տարածքն ինչքա՞ն է, նույնկերպ՝ մյուսներինը։
«Այնպես անենք, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա։ Կամ մյուս տարբերակն այն է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան։ Արծվաշենը վերադառնա ՀՀ-ի ինքնիշխանության ներքո, իսկ մյուսները՝ վերադառնան նրանց, որոնք դե յուրե կհիմնավորվեն։ Այս նրբությունը պետք է միշտ հաշվի առնել։ Իրավական մասերը մինչև վերջ ուսումնասիրված չեն։ Քաղաքական առումով դիրքորոշումն այսպիսին է»,- նշեց Փաշինյանը։