Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
Այսօրվա կառավարիչների խոսույթը բոլորը նույնն են. Հայաստանը որևէ կերպ ներկայացվածություն չունի Արցախում, Հայաստանի հետ գործ չունեք, գնացեք Ստեփանակերտի հետ խոսեք: Այս մասին ԱԺ ճեպազրույցում իր տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմությունն այդ մասին դեռ մի տարի առաջ էր ասում, իշխանությունը հերքում էր: Իսկ այսօր արդեն իշխանությունն է հրապարակավ ասում, որ ձեռքերը լվացել է Արցախից:
Մամիջանյանը նշեց, որ շատերն իրենց չեն հավատացել, բայց գոնե այսօր արդեն պետք է հավատան:
«Բանակցային սեղանին այն լուծումն է, որը ենթադրում է Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Ես հույս ունեմ, որ գոնե հիմա սևով սպիտակի վրա գրվածը կարդան ու հավատան, այլ ոչ այն հայտարարություններին, որ անում են այս երեսփոխանները»,- նշեց նա։
Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Արցախյան հակամարտությունը երբևէ չի համարվել տարածքային վեճ․ ՀՀ որևէ ղեկավար, խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, երբևէ Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։