Չասուլը
Գիշերվանից համացանցային հայկական տիրույթում եռում է Չասուլի թեման։
Չասուլը կապույտ մազերով, պիրսինգներով, տատուներով, քաղաքացիություն չունեցող «աշխարհի մարդ է», ինչպես ինքն է իրեն բնորոշել իր գրառումներից մեկում։
Աղջիկը ֆեյսբուքյան հարթակում հաճախ է ստեղծագործում, բայց միայն ազատ կյանքի, սեքսի, խմիչքի, ծխելու մասին։ Օրինակ՝ մի անգամ գրել էր, թե ինչպես է սեր ունեցել Թումանյանի տուն-թանգարանի շենքի ետնամասում։ Մի խոսքով՝ աղջիկ, ով չի տեղավորվում հայկական ստանդարտների մեջ։
Չասուլը կայքերից մեկին պատմել է, որ Արցախում գիշերվա ժամին զբոսնելիս իրեն ոստիկանները վիրավորել են, տարել բաժին, հարվածել, նեղացրել, մի խոսքով․․․ ասել են՝ սա քո Հայաստանը չէ, սա Ղարաբաղն է ու տարանջատել Հայաստանն ու Արցախը:
Վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության նման պահվածքը հեռու չէ մեր համակարգից, անգամ մենթալիտետից։ Առանց երկար-բարակ մտածելու էլ կարելի է հասկանալ, որ դեպքն իրականությանը համապատասխանում է, որովհետև թե՛ Արցախը, թե՛ Գեղարքունիքն ու թե՛ Տավուշը և մնացածը պատրաստ չեն դեռևս ընդունել ստանդարտից դուրս մարդկանց, մենք հասարակության անհանդուրժողականության խնդիր իրապես ունենք, բայց ցավալին այն է, որ հայն ու արցախցին են տարանջատվում՝ Հայաստանն ու Արցախը, ու անգամ այնպիսի մի մանրուք հարցում, ինչպիսին Չասուլի՝ Ասյա Խաչատրյանի, թեման է։