Գերմանիայի դեսպանը «ցնորվել է». հայերի անձնական տվյալները կտա թուրքական ընկերությանը
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը սկանդալ հարուցող հայտարարություն է արել: Պարզվում է՝ 2018թ. ապրիլի 3-ից Երևանում Շենգենյան վիզայի համար ներկայացված դիմումները (Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար) կընդունվեն ոչ թե Գերմանիայի դեսպանության, այլ առանձին սպասարկող ընկերության՝ «ՎիզաՄետրիկի» կողմից: «ՎիզաՄետրիկը» ռուս-թուրքական կոնսորցիում է, որի հոլդինգ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում։
Դեսպանը մեկնաբանել է, որ խոսքը վերաբերում է դիմումների ընդունմանը և բացառապես շենգենյան վիզաներին, որոնք նախատեսված են շենգենյան տարածքում կարճատև կեցության համար:
Փաստորեն, Հայաստանի քաղաքացիների անձնական տվյալները կտրամադրվի մի երկրի կազմակերպության, որի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ այդ երկրի փոքր եղբոր՝ Ադրբեջանի հետ, պատերազմական վիճակի մեջ է գտնվում:
Իրականում այս՝ ոչ մի քննադատության չդիմացող երևույթն ազգային անվտանգության լուրջ խնդիր է, և դեսպանն առնվազն պետք է հրավիրվի քննարկման, թե ինչպես և ում թույլտվությամբ է նման որոշում կայացվել և ինչու հաշվի չեն առնվել երկու դրկից պետությունների հարաբերությունների առանձնահատկությունները:
Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի ունեցել, թե ընկերությունը որ երկրում է գտնվում։
Երևի Գերմանիայի դեսպանը դիվանագիտության ասպարեզում լուրջ վերապատրաստման կարիք ունի, որովհետև աշխատել մի երկրում, որի պատմությունն անգամ չիմանալը խոսում է թերի պատրաստվածության մասին: Զարմանալի է՝ այս դեսպանը գոնե խորհրդական չունի՞, ով կհիշեցներ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: