ՀՀԿ-«Ելք». գործա՞րք, թե՞ դավաճանություն․ քաղաքական անբարոյականության նոր դրսևորում
Ազգային ժողովն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։
Ընտրության արդյունքներից դժգոհեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Բանն այն է, որ խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընտրվել էր 95 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, այն դեպքում, երբ «Ելք»-ի 7 պատգամավորները, ըստ Փաշինյանի, դեմ են քվեարկել Հարությունյանին։
«Լիազորված եմ հայտարարել, որ մեր խմբակցության բոլոր պատգամավորները՝ 7 հոգի, դեմ են քվեարկել և՛ Գագիկ Հարությունյանին, և՛ Գևորգ Դանիելյանին։ Սա ես համարում եմ մանր ժուլիկություն՝ ուղղված «Ելք» դաշինքին»,- ասաց Փաշինյանը։
Նրան, իհարկե, հիշեցրին, որ հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում նաև՝ իրենց խմբակցության ներկայացուցիչները, քվեաթերթիկների հետ կապված ամբողջ գործընթացին մասնակցել են։ Սակայն խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը պնդեց, որ ինքը հաշվիչ խմբից է, բայց չի կարող վստահաբար ասել, որ դեմ քվեաթերթիկները չեն փոխարինվել կողմ քվեաթերթիկներով։
Շարմազանովն այդտեղ արդեն բարկացավ՝ նշելով, որ բանավեճի է վերածվում հարցը։
«Կազմվել է արձանագրություն, որի տակ հանձնաժողովի անդամները ստորագրել են, հիմա ինչի՞ մասին է խոսքը․․․ Դուք ասում եք՝ հնարավոր է՝ փոխվել են, մենք էլ կարող ենք ասել, որ հնարավոր է՝ ձեզ մոտ ենթադրություններ են․․․ Մենք պատգամավորներ ենք և լուրջ մարդիկ ենք․․․ գնացեք հարցը ձեր մեջ պարզեք»,-ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանն էլ «Ելք»-ին հորդորեց «ավելորդ արտահայտություններով խլրտումներ չմտցնել բնականոն աշխատանքի մեջ»։
Այս քվեարկությունը ակամա հիշեցրեց Վանաձորի քաղաքապետի ընտրությունները, երբ նախապես ձեռք բերված դեմ քվեարկելու պայմանավորվածությունը խախտվեց։ Ու քանի որ ենթադրյալ խախտողը «ՀՎԿ-ՕԵԿ»-ն էր, Հեղինե Բիշարյանը հանրապետական քաղաքապետի կողմից ստացավ շնորհակալական համբույր։
Չի բացառվում, որ այս քաղաքական անբարոյականությունը, ինչպես դա անվանել էր Հեղինե Բիշարյանը՝ մեղքն իրենցից հեռացնելու համար, կրկնվել է նաև հիմա։
Թե ինչու ամեն ինչ ստացվեց այսպես, իհարկե, կան վարկածներ, որոնցից առաջինն ու ամենահավանականն այն է, որ իրականում տեղի է ունեցել գործարք՝ ՀՀԿ-«Ելք» ձևաչափում։
Այսինքն՝ ո՛չ թե քվեաթերթիկներ են փոխարինվել, այլ իրականում «Ելք»-ի 5 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Հարությունյանին ու հայտարարում է, թե իբր իրենք դեմ էին։
Այս գործարքը մի կրակոցով երկու նապաստակ է խփում։ «Ելք»-ի 5 ձայնն ապահովում է Գագիկ Հարությունյանի նախագահությունը, առանց որի նա ընդամենը կարող էր խորհրդի անդամ լինել: Միաժամանակ բացատրում է, թե ինչու է պառակտվում «Ելք»-ը՝ դաշինքում կան դավաճաններ, և Նիկոլը պետք է «ստիպված» առանձնանա։
Ամեն դեպքում, այն ինչ կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, կարելի է որակել մեկ արտահայտությամբ՝ խլրտումներով ու մանիպուլյացիներով լցոնված քաղաքական անբարոյականություն։