Քաղաքապետարանը տարածքներ չի տրամադրում «Հայաքվե»-ին ստորագրահավաքի համար
«Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։ «Հայաքվե»-ի գործընթացը նախաձեռնվել է՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածով երաշխավորված հիմնարար իրավունքը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, որն ամրագրում է. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։
Չալաբյանը մեջբերեց նաև ՀՀ Սահմանադրության 109 և 204 հոդվածները, որոնցով սահմանվում են քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենսդրական նախաձեռնության և այնուհետև հանրաքվեի իրավունքները։
«Հենց այս հիմքով, ինչպես նաև հիմնվելով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի վրա՝ հունիսի 20-ին ՀՀ ԿԸՀ-ն գրանցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով դրան իրավական առումով պարտադիր բնույթ։ Սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով խաթարել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը։ Մասնավորապես, Երևանի մի շարք վարչական շրջանների թաղապետարաններ, հղում կատարելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար՝ ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար, թեև դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է և նրանց սահմանադրական պարտականություն է»,- հայտարարության մեջ ասաց Չալաբյանը և հավելեց. «Փաստորեն, մի կողմից բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքների վրա, մյուս կողմից նրա գործընկեր Փաշինյանը՝ իր դրածոների միջոցով Երևանի բնակիչների օրինական, հիմնարար իրավունքների վրա»։
Նա նշեց, որ գործ ունեն հայ ժողովրդի թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամական գործողությունների հետ։ Սա առաջին նման դրսևորումը չէ, բայց այս անգամ մենք համոզված ենք, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ իր սեփական քվեով»: