Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Արփինե Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածին և ՄԻՊ-ի գրառմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն իր աջակցությունն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին: Վերջինս երեկ անձնական բնույթի վիրավորանքների էր արժանացել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կողմից:
Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ եւ անհրաժեշտ արձագանք է տվել:
Նա մասնավորապես գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպանի առողջ և անհրաժեշտ արձագանքը ատելության խոսքին, որոնք ուղղված են հենց քաղաքականությամբ զբաղվող կանանց դեմ»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հենց այսօր եմ տարածել մեծածավալ հայտարարություն արժանպատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին։ Այդքան խոսում եմ այս մասին։
Մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել։ Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը սկզբունքորեն է անթույլատրելի՝ առանց բացառության, առավել ևս եթե խոսքը կնոջ մասին է։ Հակառակ դեպքում չենք էլ ունենա համերաշխություն հասարակությունում»։