Մետաղական հանքերի ծրագրերը վերհսկելու համար նոր քննիչ հանձնաժողով կստեղծվի
Ազգային ժողովը սահմանեց մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը:
Ըստ որոշման, հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից։
Քննիչ հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ս․ Բագրատյանն ԱԺ որոշման նախագծով առաջարկել էր հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 18: «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ էր ունեցել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել էր, որ խմբակցությունը միանում է նախաձեռնությանը և ունի մեկ առաջարկ: Լիլիթ Մակունցի խոսքով՝ քննիչ հանձնաժողովի կազմում 18 անձ ներառելը շատ է, ուստի խմբակցությունն առաջարկել էր 18-ը փոխարինել 11-ով:
Եզրափակիչ ելույթում Սերգեյ Բագրատյանն ընդունելի էր համարել Լիլիթ Մակունցի առաջարկը: Որոշման նախագիծն ընդունվեց 111 կողմ և 1 ձեռնպահ ձայնով: