Հայաստանյան բանկերից մեկի կառավարիչը ձերբակալվել է՝ 122 միլիոն դրամ հափշտակվելու համար
Հայաստանում գործող բանկերից մեկի կառավարիչը ձերբակալվել է՝ 122 միլիոն դրամ հափշտակվելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Արտաշատի բաժնում գրություն էր ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղի դրամարկղի ստուգման ժամանակ պարզվել է, որ հափշտակվել է 122 միլիոն դրամ։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Արտաշատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 6-ին կասկածյալը, որը հիշյալ մասնաճյուղի կառավարիչն է, Երեւանում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։
Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։