2019-ին մահացել է 17 զինվոր․ սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է․ Արտակ Դավթյան
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը խոսել է հայ–ադրբեջան սահմանին տիրող իրավիճակի մասին:
Նա հայտնել է, որ սահմանին եղել են կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել։
«Կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի»,- ասել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը։
Նա հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին գրանցվել են դեպքեր․ զոհվել է 1 և վիրավորվել 3 զինվոր։ Գլխավոր շտաբի պետը նկատում է, որ ժամանակ առ ժամանակ կրակոցներ հնչում են, սակայն, նրա խոսքով կրակոցների և զոհերի թիվը նվազել է։
«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք պատասխան չի տրվել»,- վստահեցրեց նա:
Անդրադառնալով 2019-ի զինվորների մահացությանը՝ նա նշեց, որ ընթացիկ տարում մահացել է 17 զինվոր՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ։
«Դա մոտ 39 տոկոսով նվազում է, բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- ընդգծեց Արտակ Դավթյանը։