Ո՞րն է իրական Արայիկ Հարությունյանը՝ Վազգեն Ա-ի անվան փողոց ունենալ ցանկացողը, թե՞․․․
Հետաքրքիր ձևափոխության է ենթարկվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Երևանի ավագանի լինելու ընթացքում նա աչքի ընկավ որպես խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած փողոցների անվանումների անվանափոխումների նախաձեռնողներից մեկը, կամ գոնե այդ ամենում կարևոր մասնակցություն ունեցածներից մեկը։
Դեռ չեն մոռացվել նրա հարցազրույցներն ու հանրային խոսքի մյուս ֆորմատներով ասված մտքերը, որ ինչու՞ օրինակ՝ Միկոյանի անունը կրող փողոցը չկոչվի Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի կամ մեկ այլ սովետահայ գործչի անունը կրող փողոցը Գրիգոր Լուսավորչի անունով։
Այն ժամանակ, երբ հատկապես ռուսական տարբեր շրջանակներ էլի սկսել էին հակահայկական արշավներ անել, սա հերոսացնում էր Արայիկ Հարությունյանին։ Սակայն նույն Արայիկ Հարությունյանը, բավական է, որ ստանձներ նախարարի պաշտոն, ու կարելի է ասել՝ փոխվեր 180 աստիճանով, դեմ դուրս գար եկեղեցու պատմություն առարկային, հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության հանդեպ, որպես բուհական կրթակարգի արառարկաներ, փորձեր սահմանափակումներ մտցնել, արդյունքում էլ՝ արժանանալ հանրային լուրջ պարսավանքի։
Ինչպես ասում են՝ հերոսից հակահերոս կես քայլ էր նաև՝ Արայիկ Հարությունյանի համար։ Գումարած, այն տհաճ վիճակը, որում հայտնվել է իշխանությունը այս քայլերի պատճառով։ Ու քանի որ հիմա հարց է առաջանում, իսկ ո՞րն էր իրական Արայիկ Հարությունյանը, և որը ֆեյքը։ Նա, որ կողմնակից էր, որ ունենանք Վազգեն Ա-ի անունով փողոց, թե նա, որ պայքարում է ազգային ինքնության հենասյուների դեմ։ Հասարակության համար, ով նաև վաղվա ընտրողն է, սա չափազանց կարևոր է իմանալը։
Յակոբ Բերգեր