ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով. Լավրով
Ողջունում ենք սահմանին ու շփման գծում համեմատական կայունության պահպանումը: Կարծում ենք, որ լարվածության հետագա նվազեցումը կկարողանար նպաստել այնպիսի մթնոլորտի ստեղծմանը, որը կնպաստեր բանակցային գործընթացին։ Այս մասին «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին հարցին, ապա այն դասվում է առավել բարդ հարցերի թվին, նշել է Լավրովը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է քաղաքական ճանապարհով որոշվի բանակցությունների ընթացքում՝ իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտման հիման վրա: Այս աշխատանքի չափանիշները՝ ներառյալ կազմակերպական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: