Արցախի ոստիկանության տոնի առթիվ ՀՀ ոստիկանապետն այցելել է Արցախ
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստեփանակերտում ենք տոնական առիթով՝ մեր արցախցի գործընկերների հետ նշելու Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը, կիսելու հպարտության այն զգացումը, որով Արցախի ոստիկանությունը հերթական անգամ տոնականորեն հաշվետու է լինում հանրապետության քաղաքացիներին և՜ իր փառավոր պատմության, և՜ այսօրվա ձեռքբերերումների մասին:
Հայոց աշխարհում ոստիկանը կրկնակի առաքելություն ունի՝ ապահովել երկրի ներքին կարգն ու ապահովությունը և զինված ուժերի հետ ուս ուսի պահպանել պետական սահմանի անձեռնմխելությունը ցանկացած ոտնձգությունից:
Արցախի ոստիկանությունը առավել քան հաստատել է երկրի և ժողովրդի հարատևման այս բանաձևի ճշմարտացիությունը: Հաստատել է Արցախյան ազատամարտի ամենասկզբում, երբ աշխարհազորին սատարող կանոնավոր ուժն էր:
Հաստատել է պատերազմի հերոսական տարիներին՝ զորավիգ լինելով արդեն կանոնավոր բանակին:
Հաստատել ու հաստատում է երեկ և այսօր: Հաստատելու է վաղն ու միշտ, որովհետև Արցախի Հանրապետության ոստիկանությունը, լինելով ուժային ու իրավապահ կառույց, նախևառաջ ժողովրդի մասն է և կիսելով ժողովրդի հաղթանակներն ու դառնությունները՝ իր վրա է վերցնում պատասխանատվության մեծ մասը՝ երկրի և ժողովրդի անվտանգության ապահովման համար:
Շնորհավո՜ր տոնդ, Արցախի ոստիկանություն: