«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի «փողահավաքն» այս անգամ «օրհնել» են մշակութային դեմքերը, որ քննադատություն չհնչի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունևորներին հավաքելը և նրանց համար աճուրդներ կազմակերպելը։ Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա և իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։
Մի տարբերություն էլ կար․ վարչապետի տիկինը փորձել էր այնպիսի ելույթ ունենալ, որ ներկաները ոչ միայն փող տային, այլև կարեկցանքով լցվեին իր և ողջ ակցիայի հանդեպ, քանի որ իրենք ծանր, տանջալից աշխատանք են կատարում՝ նորոգում են, բուժում են, կարիքներ են հոգում մեր նման «ապերախտ» հասարակության համար, որն ի վիճակի չէ հասկանալ ո՛չ բարեգործության իմաստը, ո՛չ գիտակցել, որ դա արվում է կամավոր։ Ոչ էլ ըմբռնել, որ մեր փողատերերն ամեն մեկը մի սրբություն է՝ անշահախնդրության և հայրենասիրության մարմնացում, որոնք պատրաստ են յուրաքանչյուր կարիքավորի ձեռքը բռնել, ամեն քանդված դպրոցի ու մանկապարտեզի սանի համար հոգի տալ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: