Եթե ինձ համարում են վտանգ պետականության համար, ուրեմն մանկուրդների երկիր ենք. Քոչարյան
Այսօր Վերաքննիչ դատարանի նիստում դատավոր Լուսինե Աբգարյանի հարցին, թե ունի արդյոք ասելիք, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս պատասխանեց, որ եթե վերջում իրեն խոսք տան` կխոսի: Արդեն իր ելույթի ժամանակ Քոչարյանն անդրադարձավ այն հայտարարությանը, թե ինքը վտանգ է ներկայացնում ու այդ պատճառով է գտնվում անազատության մեջ:
Երբ նա ներկայացնում էր իր պաշտոնավարման տարիներն ու տվյալներ մատնանշում, Մարտի 1-ի տուժողներից Արթուր Ավագյանի ներկայացուցիչը տեղից բացականչեց. «Հարգելի դատարան, հիմա ի՞նչ է մենք պիտի գնանք վիճակագրություն ստուգենք, տեսնենք՝ ճի՞շտ է ասում»։
Նրան միացան մյուս տուժողների իրավահաջորդները: Քոչարյանի փաստաբանը փորձում էր արձագանքել նրանց, ինչը վերածվեց աղմուկի: Ի վերջո դատավորը բարկացավ տուժողի վրա` հայտարարելով, որ նա խանգարում է նիստերին։
Ռոբերտ Քոչարյանը շարունակելով իր խոսքը՝ նկատեց. «Եթե նման արդյունքներ ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, էլ ի՞նչ ասեմ, ուրեմն՝ մենք մանկուրդների երկիր ենք, ուղղակի այսքանը ցանկացա ավելացնել»։
Քոչարյանի խոսքին հետևեցին դատարանի դահլիճում գտնվող նրա աջակիցների բացականչությունները։
Դատավորը կարգադրիչներին հորդորեց նիստը խանգարողներին դուրս հրավիրել, վերջիններս մի քանիսին դուրս հանեցին։
Ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ` կողմերը սկսկեցին վիրավորանքներ հնչեցնել միմյանց հասցեին: