Ոստիկանություն. բացահայտվել է Էրեբունիում կատարված սպանությունը, կասկածյալին որոնում են
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։
Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։
Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը։
Երկաթուղայինների 2-րդ փողոցում հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։
Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվեց։
Տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում կասկածվողին՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։