Չեմ բացառում, որ քննիչների մոտ կարգավիճակս փոխելու միտք կառաջանա. Նարեկ Սամսոնյանը գրիչներ նվիրեց լրագրողներին ու մտավ ՀՔԾ
«Քաղաքացիական գիտակցության» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն այսօր Հատուկ քննչական ծառայության դիմաց իբրև, նրա որակմամբ, քծնանք, գրիչներ նվիրեց լրագրողներին: Սամսոնյանն այստեղ հրավիրվել է վկայի կարգավիճակով:
«Եկեք ձեզ մի հատ քծնեմ և բոլորիդ գրիչներ եմ բերել այսօր նվիրելու»,- ասաց նա լրագրողներին:
Սամսոնյանը նշեց, որ առայժմ հստակ ինֆորմացիա չունի, թե ինչ գործի շրջանակներում է ինքը հրավիրվել հարցաքննության, բայց ենթադրություն արեց, որ դա «իկրայի գործն» է:
«Համենայն դեպս չի հերքվել այն տեղեկատվությունը, որը ես տվել եմ, ավելին՝ գործը հարուցվել է այնպիսի հետաքրքիր ձևակերպումով, որ բավականին հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի, ինչի մասին դուրս գալուց հետո կխոսեմ: Մենք միջնորդություն ենք պատրաստել, մենք նաև քաղաքական մեր դիրքորոշումն ենք պատրաստել հայտնել էս մարմին (նկատի ունի ՀՔԾ-ին-հեղ): Վստահ չեմ, որ իքս պահից քննիչների մոտ, օրինակ, իմ կագավիճակը փոխելու միտք չի առաջանա, ինչպես շատ ու շատ մարդիկ, ովքեր մտել են այստեղ ու միանգամից դարձել են մեղադրյալ կամ կալանավորման սանկցիայի համար դիմել են դատարան: Չեմ բացառում էդ ամեն ինչը: Օրինակ՝ ես կարող եմ մեղադրվել Նիկոլ Փաշինյանին քննադատելու հոդվածով: Ի դեպ, մենք քննիչին էլ ենք գրիչ տանում, պարտադիր լինելու է սելֆի քննիչի հետ, եթե քննիչը հրաժարվեց սելֆի անելուց, ես մի անգամ ասել եմ՝ ինչ է դա նշանակելու»,- ասաց նա:
Նա հավելեց, որ ինքը բացառել է համագործակցությունն իրավապահ կառույցների հետ, քանի որ նրանք գործիք են քաղաքական իշխանության ձեռքին: