Ասում էին՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով են կռվել, հիմա ասում են՝ նման փաստեր չեն արձանագրվել․ ստացվում է՝ 4 տարի շահարկել են․ Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվում մեկնաբանել Ապրիլյան քառօրյա պատերազմի հանձնաժողովում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հետ կապված հարցերը։ Նա նկատում է, որ նիստը փակ և գաղտնի եղել, ուստի ոչինչ չի կարող ասել։
«Ապրիլյան հանձնաժողովը վերջում կհրապարակի զեկույցը»,-ասաց Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Ապրիլյան պատերազմից հետո արդեն 4 տարի է, խոսվում է մի բանի մասին, որն այսօր կարծես թե հերքվում է։
«Ասում էին՝ տանկերում վառելիք չկար, զինվորները բահերով են կռվել, ուտելիք չկար, բայց հիմա պարոն Քոչարյանը (նկատի ունի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին-հեղ․) ասում է, որ նման փաստեր չեն արձանագրվել։ Փաստորեն ստացվում է, որ այսքան տարի շահարկվել են այդ հանգամանքները»,-ասաց Մարուքյանը։
Ամեն դեպքում, Մարուքյանի գնահատմամբ հանձնաժողովի ստեղծումն արդարացված է, քանի որ զեկույցից հետո այդ էջը կփակվի ու ապագայի համար դասեր կքաղվի թե′ անիմաստ շահարկումների մասով, թե′ ունեցած թերությունների մասով։