«Ժողովուրդ». Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության գումարը կավելանա ավելի քան 11 մլն․ դոլարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը կավելանա 11 մլն 488 հազար դոլարի չափով: Բանն այն է, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում փոփոխություն է կատարվել: Եվ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումն էլ կավելանա ավելի քան 39.9 մլն դոլարից մինչեւ 60 մլն դոլարի չափով՝ համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Բացի այս, փոփոխությամբ ավելացվում է նաեւ Հայաստանի ներդրումը՝ 5.8 մլն դոլարից մինչեւ 7.9 մլն դոլար։ Ի դեպ, լրացուցիչ ֆինանսական միջոցներն ուղղված են տնտեսական աճի եւ ծրագրի մշակման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունը ստորագրվել է այս տարվա մայիսի 13-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից: Իսկ, ահա, Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը: Համաշխարհային բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։