«Խոսակցություններ կան, թե գումարի դիմաց ընդունված դիմորդներ են եղել». դիմորդներն ու ծնողները եղան ԱԺ-ում (տեսանյութ)
«Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել, որը COVID-19-ով պայմանավորված չէ, այս մտադրությունը վաղուց կար: Ես մի քանի անգամ հեռուստատեսությամբ խոսել եմ այս մասին, էլ չեմ ասում, որ նախարարը լայվով է խոսել այս մասին»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նարսիբյանը՝ խոսելով բուհեր չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի մասին:
Հիշեցնենք, որ նույնիսկ դրական միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվել համալսարան, ոչ առաջին հայտով, ոչ էլ մնացած հայտերով: Նրանք պատասխան են ստացել ԳԹԿ-ից, թե կարող են այլ համալսարանների թափուր տեղերի համար դիմել, սակայն դիմորդները դժգոհում են՝ այդ համալսարանները պետական չեն:
Ակցիայի մասնակիցները շարժվել են նաև Ազգային ժողով և դիմում հանձնեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահին, որտեղ ներկայացրին իրենց խնդիրն ու առաջարկությունները:
Լրագրողների հետ զրույցում էլ բուհ չընդունված դիմորդներից մեկը նշեց, որ խոսակցություններ կան, թե գումարի դիմաց ընդունված դիմորդներ էլ են եղել:
«Եթե նման բան կա, ապա ինչի համար էինք նոր կառավարություն ստեղծում, եթե այդ երկրում ենք ապրում, ապա գումար կվճարեինք, այդպես կընդունվեինք»,- ասաց նա: