Հայկական նոր դիրքերը գտնվում են պետական սահմանից 340 մետր դեպի ներս. Աստվածատուր Պետրոսյան
«Տավուշի մարզն ունի 32 սահմանապահ գյուղ և 300 կմ սահման Ադրբեջանի հետ»,- մամուլի ասուլիսում հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և շեշտեց, որ Հայաստանի ԶՈւ-ի զբաղեցրած նոր դիրքերը կարևոր նշանակություն ունեն այդ գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Նա տեղեկացրեց, որ հուլիսի 11-ին երբ աշխատանքային այց էր կատարել Տավուշի սահմանամերձ գյուղեր, ադրբեջանական ուժերն իր ծառայողական մեքենայի վրա էլ էին կրակել:
Գեներալ-մայորը հայտնեց, որ նոր զբաղեցրած դիրքերը ոչ միայն Ադրբեջանի տարածքում չեն, այլև պետական սահմանից 340-500 մետր դեպի մեր տարածքներում են գտնվում:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը նախապատրաստել էր դիվերսիա և հուլիսի 12-ին հայտնի մեքենայում եղել են բացառապես սպայակազմ, որից երկուսը՝ հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ: Ադրբեջանցիները մտել են տեղի հայկական զինվորական ստորաբաժանման պաշտպանության տակ գտնվող չեզոք գոտի և բացահայտվելով և տեսնելով, որ չի հաջողվում գաղտնի գործողություններ անել՝ հայկական դիրքերի վրա հրետանային ուժերի աջակցությամբ և տանկերով հարձակման են անցել:
Աստվածատուր Պետրոսյանը նկատեց, որ ներկայիս Թովուզի շրջանը ժամանակին 90 տոկոսով եղել է հայկական բնակավայր և «Թովուզ» նշանակում է «Տավուշ»: Գեներալի խոսքով, այնտեղ եղել է 25 հազար բնակչությամբ հայկական բերդ-ամրոց, որը մեր նոր զբաղեցրած դիրքից ուղիղ գծով 12 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: