Լուկաշենկոն խոստացել է կանխել քաղաքացիական պատերազմը Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում քաղաքացիական պատերազմ չի լինի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Եթե մենք սկսենք կոտորել իրար, դուք գիտեք, թե ինչ կլինի: Այդ դեպքում քաղաքացիական պատերազմ կծավալվի, բայց մի անհանգստացեք, դա տեղի չի ունենա, թույլ չեմ տա», - ասել է Լուկաշենկոն:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն ու ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում գործադուլ է սկսվել, աշխատակիցները պահանջել են նոր ընտրություններ անցկացնել։ Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: