Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ
2014-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև առաջարկել է միավորել Ուկրաինան և Բելառուսը, ապա դառնալ միանգամից երկու երկրների նախագահ: Նման պնդմամբ Onet պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը:
Այդ մասին գրում է РИА Новости-ին:
«Ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ օրերին, երբ Մինսկը զբաղվում էր Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության նման ինչ-որ բանով, Լուկաշենկոն զանգահարեց ինձ և ուղիղ առաջարկել ԵՄ-ին համոզել, որ ինքը կարող է ուկրաինական խնդրի խաղաղ լուծման երաշխավոր լինել, և աջակցել անձամբ իր հետ բելառուսա-ուկրաինական միության գաղափարը՝ որպես երկու պետությունների նախագահ»,- հայտնել է Տուսկը:
Ինչպես պնդում է լեհ նախկին վարչապետը, Լուկաշենկոն իբր ակնարկել է, թե դա «ինչ-որ ագրեսիվ մտադրություններից» «Ռուսաստանին կանգնեցնելու միակ ճանապարհն է»: Տուսկը նաև ենթադրել է, թե իրականում Լուկաշենկոն գործել է ոչ թե Ուկրաինայի նկատմամբ հոգատարությունից դրդված, այլ «իշխանությունը կորցնելու վախից»:
Միևնույն ժամանակ Տուսկը կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն «դրական դեր է» խաղացել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում: