Ալեն Սիմոնյանը համոզված է՝ Ծառուկյանը, հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյա ասելով, ակնարկել է Գևորգ Պետրոսյանին
Ազգային ժողովի փոխնախագահ իմքայլական Ալեն Սիմոնյանը համոզված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումը, թե Սահմանադրությամբ պետք է հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունեն զբաղեցնելու բարձր պաշտոններ, հասցեգրաված է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։
«Լուրեր են պտտվում, որ Գևորգ Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել դեռ այն ժամանակ, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր, և դա է եղել պատճառը, որ նա լքել է նախարարի պաշտոնը՝ ընդամենը մի քանի ամսում։ Կարծում եմ՝ այդ որոշումը հենց Գագիկ Ծառուկյանն է կայացրել։ Ես կարծում եմ, որ եթե վարչապետին ուղղված լիներ այդ գրառումը, ապա պարոն Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշելու։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է նրան», -ասաց Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի գրառման ենթատեքստը, պարզից էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանին էր վերաբերում, արդյո՞ք վերջինիս հետ հուշագիր ստորագրելուց նույն մտավախությունը չուներ վարչապետը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ տեղեկությունները՝ կապված պարոն Ծառուկյանի դատապարտված լինելու հետ, ավելի ուշ են ի հայտ եկել, քան հուշագրի ստորագրումը։ Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը տարակուսեց, եթե իրենք իմանային պարոն Ծառուկյանի դատված լինելու մասին, կստորագրեի՞ն հուշագիր, թե՞ ոչ։
«Հեղափոխություն է տեղի ունեցել, եղել են փուլեր, բոլորն ունեցել են հնարավորություն մաքուր էջից սկսելու, բոլորն ունեցել են հնարավորություն՝ իրենց յորղանի չափը որոշելու»,- նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ է քաղաքական դիսկուրսը նման մակարդակի իջեցվել, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց՝ իր խոսքն այն բանի մասին է, որ ցանկության դեպքում յուրաքանչյուրին ցանկացած պահի կարելի է իր անցյալի հետ կապել.
«Ինչ վերաբերում է ԱԺ-ի մակարդակն իջեցնելուն, ապա ես կարծում եմ, որ կոնկրետ պատգամավորներ կան, որոնք մնացել են անցյալում և վերջնականապես գնալու են անցյալ։ Մենք պետք է վերջ տանք այն դեպքերին, երբ ԱԺ շենքում լրագրողի էին ապտակում կամ հայհոյում։ Հիմա պատգամավոր կոչվածն իրեն թույլ է տալիս դերասանի վերաբերյալ լկտի արտահայտություններ անել»։