Արցախի օմբուդսմենը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին
Արցախի Հանրապետության օնբուդսմեն Արտակ Բեգլարյանը հղել է տեսաուղերձ միջազգային հանրությանը, որում կոչ արել պատշաճ կերպով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործություններին:
«Ես Արտակ Բեգլարյանն եմ՝ Արցախի Հանրապետության օմբուդսմենը: Ես բազմիցս դիմել եմ կոչով միջազգային հանրությանը՝ նրանց ուշադրությունը սեւեռելով ռազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին օրերին:
Ադրբեջանական զինված ուժերը սկսել են միտումնավոր թիրախավորել քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը, ինչի հետեւանքով մենք ունենք տասնյակ զոհեր եւ շատ ավելի մեծ թվով վիրավորներ: Այսօր Ադրբեջանը նախաձեռնել է ծանր հարձակում մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակելի շենքերը հրթիռային հարվածների ու ավիառումբերի համար՝ ներառյալ կասետային ռումբերը, ինչի հետեւանքով մենք ունենք բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ քաղաքացիական հասարակության շրջանում: Այժմ Արցախում հումանիտար աղետ է: Իմ կոչը միջազգային հանրությանը հետեւյալն է. արձագանքել պատշաճ կերպով, դադարել խոսել եւ սկսել գործել: Կույր մի՛ եղեք»,-ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը: