Լևոն Երանոսյանը մենակ չի եղել, երբ դիմակավորները նրան տարել են. Երանոսյանին չեն կարողանում գտնել
ԱԱԾ-ն Լևոն Երանոսյանին չի ձերբակալել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախ գնալու ճանապարհին՝ «դավաճանների» դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը։
Մեզ հետ զրույցում Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ որևէ ինֆորմացիա չունեն և փորձում են գտնել Լևոն Երանոսյանին, անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
«Մենք փորձում ենք պարզել, թե որտեղ է գտնվում պարոն Երանոսյանը»,-հավելեց նա։
hraparak.am- ի հետ էլ զրույցում, պաշտպանը նաեւ նշել է, որ հարազատներից մեկը, որը Երանոսյանի հետ է եղել, ասել է․ «Տեսել է, որ դիմակավոր անձինք են տարել, իր հետ եղած մարդն է պատմել։ Չգիտեմ, որ մասից են տարել, միայն Լեւոն Երանոսյանին են տարել»։
Իրենք դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից դեռ նորություն չունեն։
«Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում։