Մեր մշակույթը ստեղծել ենք` սերտ կապեր պահպանելով եվրոպականի հետ. Հասմիկ Պողոսյան
Եկող տարի Հայաստանը կմիանա «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին:Այդ մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Եվրոպական միության` «Արեւելյան գործընկերության» «Մշակույթ եւ ստեղծագործականություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման շրջանակում:
Ծրագրի նշանակության մասին խոսելիս` նախարարը նշեց, որ դրա հիմքում դրված է ստեղծագործ մտածողության կարեւորությունը: Ծրագիրը կոչվում է «Մշակույթ եւ ստեղծագործականություն», քանի որ ամեն մշակույթ նախ եւ առաջ ստեղծագործություն է:
Հասմիկ Պողոսյանի խոսքով` այս ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի, որովհետեւ հայերը ստեղծագործ ժողովուրդ ենք:
«Հայաստանն իր ստեղծագործություններով միշտ ներգրավված է եղել եվրոպական դաշտում, այսինքն մենք մեր մշակույթը ստեղծել ենք` սերտ կապեր պահպանելով եվրոպականի հետ», – ասել է նախարարը` հավելելով, որ այն բավականին իրատեսական է: