Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քան 70 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին քաղաքի մոտ
Ղարաբաղյան հակամարտության գոտուց ավելի քանի 70 հրթիռ է ընկել Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակայքում։ Այդ մասին հայտարարել է Արևելյան Ատրպատական նահանգի քաղաքականության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիար Ռաստգուն, փոխանցում է Iranpress-ը։
«Հրթիռներն ընկել են մի քանի գյուղերում, բայց, բարեբախտաբար, մեծ վնաս չեն պատճառել»,-ասել է նա։
Ռաստգուն ընդգծել է, որ Արցախյան հակամարտության կողմերը նախազգուշացված են եղել նմանատիպ գործողությունների անթույլատրելիության մասին, իշխանությունները նաև ապագայում նման միջադեպերը կանխելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 21-ի ժամը 16:40-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 834 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։