Խնդրի կարգավորումն ամբողջությամբ կախված է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական կամքից. Պեսկով
Կրեմլում ափսոսանքով են արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի, հումանիտար զինադադարի մասին պահպանվում են։ Ցավոք, դրանք խախտվում են կողմերի կողմից»,-ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները։
Խոսելով կարգավորման առկա ձևաչափում երրորդ երկրների մասնակցության մասին` Պեսկովն ասել է, որ այդ խնդիրն ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»,-ընդգծել է Պեսկովը: