Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. շեշտը դնելով Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները, ինչպես նաև այլ հարցեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է Անդրկովկասի իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում տիրող իրավիճակի զարգացման վրա», - նշել է Պեսկովը:
Նրա խոսքով` խորհրդակցության մասնակիցները ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով։
Պեսկովն ասել է նաև, որ որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության հիմնական հարց քննարկվել է պետական նյութական պահուստի ձևավորման թեման:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները` Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: