ՀՀ-ում ռուսական բազան այսօր զսպում է ավելի մեծ հարձակումն արդեն անմիջապես Հայաստանի վրա. Արման Ղուկասյան
Հայաստանն այսօր և դեռ երկար ժամանակ կանգնած է լինելու լուրջ մարտահրավերների առջև: Այսօրվա ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը։
Նրա խոսքով Թուրքիան ապակառուցողական դեր է ստանձնել, ինչի հետևանքով տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են մեծ ռիսկերի առջև։
«Ամեն օր տեսնում ենք ապակայունացման միտում, ինչը վերջում կարող է բերել քաոտիկ վիճակի ողջ տարածաշրջանում»,- ասաց Արման Ղուկասյանը։
Ստեղծված իրավիճակում, քաղաքական գործիչը կարևորում է Ռուսաստանի դերակատարումը։
Նրա խոսքով, Ռուսաստանը հենց այս կոնֆլիկտի պարագայում էլ ցույց տվեց, որ միակ գերտերությունն է, որ իսկապես ռեալ ջանքեր է գործադրում այս կոնֆլիկտը դադարեցնելու համար, իսկապես զսպում է Ադրբեջանին և Թուրքիային:
Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունները կարևոր բաղադրիչ ունեն Հայաստանի անվտանգության, տարածաշրջանում կայուն վիճակի համար:
«Այսօր տեսնում ենք, թե ինչի համար է պետք, որ Հայաստանում լինի ռուսական բազա, որն այսօր զսպում է ավելի մեծ ու լայնամասշտաբ հարձակումն արդեն անմիջապես Հայաստանի վրա»,- ասաց քաղաքական գործիչը։
Արման Ղուկասյանի խոսքով, եթե այդպիսի ՌԴ-ն անմիջապես բախման գնա Ադրբեջանի հետ` կնշանակի, որ Հայաստանը վերածվում է լուրջ ռազմական թատերաբեմի, քանի որ եթե ՌԴ-ն ուղղակի միջամտի, կնշանակի՝ ուղիղ բախում Թուրքիայի հետ, այսինքն՝ ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ։
«Այս ամենը չի բխում հենց ՀՀ շահերից»,- շեշտեց Ա. Ղուկասյանը։