Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ իջավ Հանրապետության հրապարակ՝ իր աջակիցների հետ զրուցելու
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն դուրս եկավ Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքվել էին նրա աջակիցները։
Փաշինյանը կառավարության շենքից դուրս եկավ թիկնազորի ուղեկցությամբ, որոնք շրջապատել էին վարչապետին նրա կարճատև ելույթի ընթացքում։
«Այսօր առավոտից մեր բոլոր հնարավոր ձևերով իրազեկում ենք, որ այս հավաքը տեղի չունենա։ Ես գիտեմ, որ Հայաստանում ձեր նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ։ Ես ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից ուզում եմ ներողություն խնդրել, ես չեմ եկել այսօր միայն մեկ հայտարարություն անելու։ Նախ խոնարհվում եմ այն տղերքի առաջ, ովքեր առաջնագծից են, խոնարհվում եմ բոլոր զոհերի առաջ, խոնարհվում եմ ծնողների առաջ։ Խնդրում եմ, մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց հավաքը դադարեցնենք։ Առաջինը ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, երկրորդը ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, բոլորիդ կհրավիրեմ հրապարակ։ Եկեք այս 2 կետի վրա պայմանավորվենք։ Շատ եմ խնդրում հավաքը դադարեցրեք։ Ես այստեղ չեմ մնալու, որ հավաքը շարունակվելու պատճառ չդառնամ»։
Այս ելույթից հետո Փաշինյանը անվտանգության աշխատակիցներով շրջապատված վերադարձավ կառավարության շենք։ Հայտնում է News.am-ը: