Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարված է. քաղաքացիներն ակցիայի միջոցով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պահանջի վերջնաժամկետի ավարտից հետո քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի տարբեր փողոցներում ու Հայաստանի մարզերում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Մասնավորապես, Երևանում փակվել են մի շարք փողոցներ, ինչպես նաև կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը:
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քիչ առաջ իրականացվել է ակցիա:
«Քաղաքացիները կանգնել են գնացքների դռների արանքում և թույլ չեն տվել, որպեսզի գնացքն առաջ շարժվի: Այդ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը: Դրանից հետո քաղաքացիները տարհանվել են, և դռները փակվել են»,- ասաց Խաչատրյանը:
Նշենք, որ այս պահին մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցված է, քանի որ ցուցարարները սպասում են, որ երբ դռները բացվեն, նորից ներս մտնեն ու շարունակեն ակցիան: