Բաքվի շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ՝ Փաշինյանի. Արտակ Թովմասյան
Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հոխորտանքը, որով փորձում էին Հայաստանի ու հայկական բանակի նկատմամբ հաղթանակ բեմադրել, որևէ տրամաբանություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական բանակը պարտություն չի կրել, կռվել և դիմադրել է հերոսաբար, սակայն նրանց արյան գնով պաշտպանած տարածքները, Հայաստանը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը, գիշերային դավադիր կապիտուլյացիայի ակտի արդյունքում, հանձնել է թշնամուն:
Հետևաբար, այդ ռազմական շքերթը ոչ թե հայկական բանակի ու հայ ժողովրդի պարտության արձանագրումն է, այլ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի իշխանությունների դիվանագիտական մտքի տկարության, ապաշնորհ կառավարման եւ դավաճանական վարքագծի արձանագրումը:
Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների` արտաքին ճակատում եւ երկրի ներսում, հետևաբար` օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նոր Ազգային ժողով եւ բացառապես արհեստավարժ եւ անբիծ կենսագրություն ունեցող անձանցից կազմված կառավարություն, որը կհամախմբի հայության ներուժը, կստեղծի նոր որակի պետություն, որի հետ այլևս որև է մեկը չի կարող խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով»: