Կարծիքներ են հայտնվում, որ Հարությունյանի գիտությամբ կամ քաջալերմամբ է իր մասնակցությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը հրապարակվել. Մարտիրոսյան
Կարծիքներ են հայտնվում, որ Արայիկ Հարությունյանի գիտությամբ կամ քաջալերմամբ է իր մասնակցությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը հրապարակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Կարծիքներ են հայտնվում, որ դրանով Ստեփանակերտի խեղկատակը փորձում է արդարանալ` ցույց տալով, որ դավաճանն ինքը չէ, այլ Գլխավոր շտաբն ու գլխավոր հրամանատարը, որոնք 10 օր շարունակ որևէ օգնություն չեն ուղարկել Արցախ:
Ձայնագրությունը, սակայն, բացահայտում է խեղկատակի մեղսակցությունը մեկ այլ հանգամանքում, որ նույնպես դավաճանություն է և այս պատերազմում առավել տարածված է եղել քան ուղղակի` թշնամու պատվերով իրականացվող այն դավաճանությունը, որի գլխավոր կատարածուն գերագույն գլխավորն է եղել:
Դա իմանալ-լռելն է:
Պատերազմի ժամանակ ակնհայտ դավաճանական գծի, ակնհայտ պարտվողական հրամանների, ակնհայտ թշնամու շահերին ծառայելու ամենավերին օղակների վարքագծին ականատես են եղել մարդիկ, որոնք տեսել են այդ ամենը, հասկացել են դա և գիտակցել են կատարվողը:
Մարդիկ, որոնք լծակներ են ունեցել իրավիճակ փոխելու: Ընթացք փոխելու: Դավաճանությունը կասեցնելու: Եվ լռել են:
Լռել են, որովհետև կա´մ վախեցել են իրենց պաշտոնների համար, կա´մ կաշառվել են վերևներից, կա´մ խնդիրներ չունենալու համար և կա´մ հայկական հասարակական արդի մենթալիտետի մաս դարձած «խուճապ չառաջացնելու» ոչխարամտության հանուն ` իրենց լռությամբ թողտվել են պատմական մասշտաբների այս հանցագործությունը սեփական ժողովրդի և երկրի նկատմամբ:
Եվ նրանք նույնպես հանցագործ են: Նույնպես դավաճան են: Եվ նույնպես պետք է պատժվեն:
Արայիկ Հարությունյանը, ինչպես և մի խումբ բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ կարող էին և պարտավոր էին եթե ոչ ձերբակալել կամ առավել արմատական գործողություններ կատարել դավաճան վերադասների նկատմամբ, ապա գոնե հրապարակավ հանդես գալ ժողովրդին ուղղված կոչով` բացահայտելով իրականությունը և ամեն բան անելով` դավաճան իշխանության վրա ճնշում բանեցնելու միջոցով` պլանավորված պարտությունը կասեցնելու համար:
Հայկական հասարակական միտքը կարիք ունի արմատական, հիմնահատակ վերափոխման: Հին և ողորմելի գարշամտությունն այլևս գոյատևելու որևէ իրավունք չունի:
Եվ այդ փոփոխությունը պետք է սկսվի մեր նորագույն պատմության մեջ վերջապես գոնե մեկ` առաջին անգամ աններողամտության դրսևորմամբ և հանցագործների լիակատար պատժմամբ:
Եվ առաջին պատժվողները պետք է լինեն Երևանի և Ստեփանակերտի գլխավոր սինլքորները, որ ոչ միայն դավաճանեցին, այլև ոչնչացման տարան մեր հայրենիքի այս վերջին ծվենը»,-գրել է Մարտիրոսյանը: