Հավանականությունը մեծ է, որ Խծաբերդը հանձնել են. համայնքապետ. News.am
Եթե Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը հանձնել են, ապա Խծաբերդ համայնքի պահելն էլ իմաստ չի ունենա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Խծաբերդ համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը։
«Եթե Խծաբերդը չտան, մնում է մի գյուղ՝ Խծաբերդը։ Բայց հավանականությունը մեծ է, որ Խծաբերդը հանձնել են»,- նշեց նա։
Նա նշեց, որ այս պահին համայնքում են ռուս խաղաղապահները. «Սպասում են հրամանի՝ գնա՞ն, թե՞ մնան»։
Նշենք, որ եւ Խծաբերդի, եւ Հին Թաղերի բնակչությունը տարհանված է։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը։
Դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել էր Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների վերահսկողության քարտեզը, որում ավելացել էր Հին Թաղերի և Խծաբերդի հատվածը, ինչը հույս էր ներշնչել, որ Հադրութից մնացած այդ երկու գյուղերը կմնան հայկական։ Այնուամենայնիվ, հաջորդ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ՌԴ ՊՆ-ն նոր քարտեզ էր հրապարակել, որտեղ Հին Թաղերն ու Խծաբերդը հանված էին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտուց։