Հայրենիքի զինվորին, մարդուն, որ այսքան ժամանակ զենքը ձեռքին պաշտպանում էր, այսպես խայտառակ ձևով ձերբակալել, բերել Երևան, դա բոլոր հնարավոր կարմիր գծերից անդին է. իրավապաշտպան
Մենք՝ գործընկերներով, փաստաբաննորով, այն մարդկանցով, ովքեր իրենց համար նաև պատիվ կհամարեին ստանձնել Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, հիմա հավաքվում ենք այստեղ և մենք պատրաստվում ենք առաջարկել, որ այս վարույթին ներգրավվենք որպես պաշտպան: Այդ մասին այսօր ճեպազրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Իհարկե, սա բացի մասնագիտական կողմից, նաև քաղաքացիական դիրքորոշում է, որովհետև մենք ապօրինություն ենք համարում այ ամենը, ինչ կատարվեց Առուշ Առուշանյանի հետ: Մենք խայտառակ ապօրինություն ենք համարում գիշերը ժամը 5-ին, ժողովրդի 90 տոկոսից ավել ձայնը ստացած քաղաքապետին տնից հանել ամենաթեթև հոդվածի կասկածով: Ավելի թեթև հոդված Քրեական օրենսգրքում չկա՝ ապօրինի հավաքներ կազմակերպելը, այն էլ՝ փորձ»,- ասաց Մելիքյանը:
Նա կոչով դիմեց այն փաստաբաններին, ովքեր ևս պատրաստ են ստանձնելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, գալ Քննչական կոմիտեի դիմաց:
«Ընտրված քաղաքապետին, հայրենիքի զինվորին, մարդուն, որ այսքան ժամանակ զենքը ձեռքին պաշտպանում էր, փորձում էր իրականացնել այն, ինչը գլխահատակ տապալել է իրեն ձերբակալելու հրաման տված Նիկոլ Փաշինյանը, այդ մարդուն այսպես խայտառակ ձևով ձերբակալել, բերել հասցնել Երևան, դա բոլոր հնարավոր կարմիր գծերից և ինֆրակարմիր գծերից անդին է»,- նշեց իրավապաշտպանը: