Ի՞նչ հանգամանքներում են Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատվածն ու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ․ Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Պաշտպանության նախարարություն։
Հանրության համար անհասկանալի պատճառներով, Գորիս-Կապան ճանապարհի մի մեծ հատված անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Դրա պատճառը ոչ պատերազմական գործողություններն էին՝ հայկական զորքերի նահանջի տեսքով, ոչ էլ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Սյունիքի մարզի մի հատվածը սահմանակից է, այսպես կոչված, նախկին Ղուբաթլուի և Զանգելանի շրջաններին, որոնք հրադադարի համատեղ հայտարարությամբ նախատեսված չէր հանձնել Ադրբեջանին։
Նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ կողմերի սահմանն ամրագրվում էր ըստ այդ պահի դրությամբ դիրքավորման, նախկին Զանգելանի և Ղուբաթլուի մի մասը շարունակվում էր մնալ մեր վերահսկողության տակ, դեռևս անհասկանալի պատճառներով հանձնվել է Ադրբեջանին։
Հանրության շրջանում կասկածներ կան, որ դրանք հանձնվել են կամ գաղտնի համաձայնությամբ կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ունեցել է գաղտնի հավելված, որի մասին հանրությանը չի տեղեկացվել է։
Ի դեպ, նմանատիպ պատճառով, նույն պայմաններում, անհիմն ձևով, Ադրբեջանին է հանձնվել նաև Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, հարավային ուղղության ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը։
Դիմում եմ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, Պաշտպանության նսխարարին՝ նույնությամբ Արցախի համապատասխան կառույցներին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում, ինչպե՞ս և ո՞վ է այս տարածքները հանձնել Ադրբեջանին»: