Սիսիանն ունի 30 486 բնակիչ, վարչապետի հետ հանդիպմանը եղել է առավելագույնը 400-ը՝ 1,5 տոկոս․ Սիսիանի քաղաքապետ
Ես այստեղ եմ, որ ասեմ՝ անարդարություն է տեղի ունենում մեր երկրում. Այսօր Քաջարանի քաղաքապետը գտնվում է Քննչական կոմիտեում, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ժամը 5-ին պետք է ներս կհրավիրվի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
«Երբ Փաշինյանը եկավ Սյունիք, կարող էինք փակել հենց Սիսիանի մուտքը, որ նա չմտներ, բայց միտումնավոր թողել ենք, որ մտնի։ Հիմա, որ բոլորը հիացած են այդ հանդիպումից, նկարները կան, կարող եք հաշվել՝ քանի մարդ է եղել։ Եղել է 280 մարդ, որից 80-ը՝ վարչապետի անվտանգությունը, բայց վարչապետին զեկուցած տվյալներով՝ 400 մարդ է եղել։ Հաշվենք՝ այդպես է, Սիսիանն ունի 30 486 բնակիչ, 24 000 ընտրող, որից վարչապետի հանդիպմանը ներկա են եղել 400-ը՝ 1,5 տոկոս։ Եթե վարչապետի համար 1,5 տոկոսը ողջունելի է, մենք էլ ենք ողջունում։ Ես՝ որպես համայնքի ղեկավար, եթե իմանայի՝ այդքան քիչ մարդ է գալու, իմ համակիրներին կհրավիրեի այնտեղ, որ գոնե 2 տոկոսը դզվեր»,-ասաց Արթուր Սարգսյանը: