Չեմ հասկանում՝ վարչապետ ունե՞նք, թե՞ բրոքեր, օրը մի տարածք հանձնում է. Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ երկրում տեղի ունեցած վերջին արհավիրքից հետո հույս ուներ, որ իշխանական պատգամավորները, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնը ծանրաբեռնող Նիկոլ Փաշինյանը, կսկսեն առաջնահերթությունները մեկը մյուսից տարբերել:
«Հիմա ես այստեղից պետք է գնամ մի պաշտոնյայի մոտ և նրան խնդրեմ, որպեսզի արագացնի 70 օր անհայտ կորած ու մահացած հայտնաբերված զինվորի ԴՆԹ անալիզը, որպեսզի կարողանան այդ զինվորի հուղարկավորությունն անեն: Այդ զինվորի ծնողները խելագարվում են, ասում են՝ երևի իրենք ավելի շուտ կմահանան, քան իրենց զինվորի դին կհասցնեն տուն: Այ սրա մասին պետք է մտածի Նիկոլ Փաշինյանը»,-նշեց Պետրոսյանը և հավելեց. «Ես չեմ հասկանում՝ մենք վարչապետ ունե՞նք, թե՞ բրոքեր, օրը մի տարածք հանձնում է: Վարչապետը պետք է այսօր ընկած լիներ այս ու այն կողմ ու այդ հարցերը լուծեր»: