Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում. Վազգեն Մանուկյան
Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Անհնազանդության ակցիաներն ամեն օր են լինելու, քաղաքը միշտ էլ այս վիճակում է լինելու, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա:
Մանուկյանի խոսքով՝ այն, ինչ արվեց, ներել հնարավոր չի: Եվ այն, ինչ հիմա շարունակվում է, ամեն օրը կործանարար է ՀՀ-ի համար:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, որի մասին խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը գնալու է արտահերթ ընտրությունների:
«Ինքը դիտմամբ դաշտը նորից ուզում է բաժանի կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր՝ համաձայն չեն: Սովորական տրյուկն է՝ հին և նոր, սև և սպիտակ, էլիտա-ժողովուրդ: Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախևառաջ ինքը պետք է հեռանա, պետք է ձևավորվի կառավարություն, որն ինչ-որ ժամանակում՝ նախատեսված է մեկ տարի, մի քիչ գոնե ուշքի բերի երկիրը, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների՝ կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերյալ, որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է»,-նշեց Վազգեն Մանուկյան: