44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր լսվում, հիմա աքլորացել են, ուզում են քննարկումներ կազմակերպել. Օհանյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ իրեն քննարկումների հրավիրելու մասին. Tert.am
44 օրվա ընթացքում այդ մարդկանց ձայնը չէր էլ լսվում, հիմա աքլորացել են, աշխուժացել, ուզում են քննարկումներ կազմակերպել: Ինքներդ ձեր մեջ քննարկումները կազմակերպեք, մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Անդրանիկ Քոչարյանից քննարկումներին մասնակցելու որևէ հրավեր չեմ ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ չի ցանկանում մասնակցել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից մատնանշված քննարկումներին:
Հիշեցնենք որ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր, որ Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իր, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել:
Սեյրան Օհանյանը նշեց, որ ինքը քննարկումներից չի խուսափում, բայց կարևոր է, թե դրանք ինչ նպատակով են արվում, եթե որևէ բանից խուսափող լիներ, մարտական գործողությունների ժամանակ 40 օր Արցախում չէր լինի, ապրիլյանի հանձնաժողով չէր գնա:
«Անդրանիկ Քոչարյանը ինձ չի զանգահարել և անձամբ չի հրավիրել քննարկումների, ինձ զանգել է Պետրոս Ղազարյանը և ասել, որ ցանկանում է քննարկումներ կազմակերպել տարվա առանձնահատկությունների, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ: Ես տեղեկացրել եմ, որ անձնական հանգամանքներից ելնելով՝ չեմ կարող մասնակցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: