Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների ՌԴ և Իրան տեղափոխելու հնարավորությամբ․ վարչապետի խոսնակ. Armenpress
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը:
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան:
- ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու:
Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև:
Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: