Թուրքիան գործի անցավ՝ առաջ քաշելով Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը. Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
Թուրքիան գործի անցավ՝ առաջ քաշելով Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թ․ հունվարի 7-ին հայտարարել է, թե ժամանակն է վերջնական կայունություն բերելու մեր տարածաշրջանում և կարգավորելու հարաբերությունները նաև Հայաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
«Առողջ տրամաբանության դեպքում, իհարկե, ցանկալի է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություն ունենալ, բացել սահմանները և ակտիվացնել տնտեսությունը։ Բայց․․․
Թուրքական ռազմավարական ծրագրերում Հայաստանը շարունակում է մնալ որպես իր պանթուրքիստական նպատակների խանգարող հանգամանք։ Զենքով չկարողանալով գրավել Հայաստանը, քանի որ դիմացը կանգնած է ռուսական գործոնը, Թուրքիան փորձում է տնտեսական էքսպանսիայով տիրանալ Հայաստանին։
Այդ վտանգի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ։ Խոսել եմ նաև արցախյան երկրորդ պատերազմի բեմականացումից հետո (հղումն՝ այստեղ)։
Մեզ սպառնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով։ Մակերեսի մակարդակում դա գեղեցիկ է, գայթակղիչ ու փող բերող։ Խորքում մենք շատ արագ կորցնելու ենք այն, ինչ կարողացել ենք պահպանել։
Որքան խելամիտ և զգոն լինեն հայ ժողովուրդը և ՀՀ կառավարությունը, այնքան հեշտ կհաղթահարենք այդ սպառնալիքը»,-գրել է Հոխիկյանը:
