Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Թաթոյան
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաև համայնքների հողատարածքների մասին, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Օրինակ՝ Տեղ խոշորացված համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից։ Որոտան գյուղի դեպքում բնակիչները մոտավոր հաշվարկով զրկվել են 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից։ Ընդ որում, Որոտանի դեպքում 18-20 այգեգործական տնակներ կան, որոնք կառուցված են այն հողերի վրա, որոնք Հայաստանի գործուղման որոշումներով են հատկացվել մարդկանց»,-նշեց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ Ագարակ գյուղում բնակիչները զրկվել են մոտավոր հաշվարկով 60 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ օգտագործելու հնարավորությունից, Եղվարդում՝ 110 հեկտար վարելահողից, 50 հեկտար արոտավայրից, Ճակատենում՝ 50 հեկտար վարելահողից։