Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, նշել, որ հայրենյաց պաշտպանի սուրբ օրը գլուխ է խոնարհում հանուն Հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս նահատակների սուրբ հիշատակի առջև, նրանց ծնողների, զավակների, կանանց, հարազատների, մեր ողջ ժողովրդի առջև: «Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք: Գլուխ եմ խոնարհում պաշտպանության բանակի բոլոր զինվորների, սպաների, աշխարհազորայինների, կամավորականների առջև, ովքեր օրհասական պահին հայրենիքի շահը վեր դասեցին ամեն ինչից՝ քաջաբար ու անվեհեր կանգնելով մահվան դեմ հանդիման:
Մենք խորապես շնորհակալ ենք բոլորին ու երախտապարտ, հպարտ ենք նրանց անմնացորդ նվիրումի, արիության ու խիզախության, նրանց մարդ տեսակի համար: Նման անձնուրաց ու հայրենասեր անհատների շնորհիվ է հարատևում ազգը, կերտվում պատմությունն ու ապագան:
Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում, և բոլորիս ջանքերը ծառայեն մեր նահատակ եղբայրների կիսատ թողած գործի շարունակմանը, հայ ժողովրդի վերքերի բուժմանը, հայրենիքի շենացմանն ու զորացմանը»,- գրել է Հարությունյանը ու տեղեկացրել, որ երեկ Վեդի քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Արցախի հերոսներ Դավիթ Ղազարյանի ընտանիքին ու Էդգար Մարկոսյանին փոխանցեցի հոկտեմբերի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրերով տրված «Ոսկե արծիվ» շքանշանները: